Մերձավոր Արեւելքում հակամարտության ավարտից հետո Միացյալ Նահանգները ստիպված կլինի ծախսել մոտ 1.4-2.9 միլիարդ դոլար վնասված կամ կորցրած ռազմական տեխնիկայի վերանորոգման կամ փոխարինման համար, հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում կատարելով Պենտագոնի նախկին պաշտոնյային։
Պաշտոնյայի խոսքով՝ սխալմամբ խոցված երեք F-15E-ները փոխարինելու համար նոր F-15 կործանիչների ձեռքբերումը կարժենա 300 միլիոն դոլար։ Ննորոգում կպահանջվի նաեւ Իրանի կողմից ենթադրյալ հարվածից հետո կործանված F-35A Lightning II-ի համար, որի արժեքը կազմում է մոտ 82.5 միլիոն դոլար։ Կործանված KC-135 լցարկող ինքնաթիռը, արտադրության դադարեցման պատճառով, հավանաբար, կփոխարինվի KC-46-ով, որի արժեքը կազմում է 165 միլիոն դոլար։
Ավելին, տարածաշրջանում այլ վնասված ինքնաթիռներ նույնպես նորոգման կարիք կունենան։
Բացի այդ, Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը կորցրել է տասնյակից ավելի MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր, որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 16 միլիոն դոլար է։ Դրանց արտադրությունը նույնպես դադարեցվել է, նոր MQ-9B անօդաչու թռչող սարքերի արժեքը կազմում է 30 միլիոն դոլար։
Իրանը առնվազն մի քանի հարված է հասցրել Մերձավոր Արեւելքի բազմաթիվ երկրներում ռադարային, կապի եւ հակաօդային պաշտպանության համակարգերին, այդ թվում՝ վնասել է Կատարի AN/FPS-132 վաղ նախազգուշացման համակարգը, որի արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, նոր AN/TPY-2 ռադարների ձեռքբերումը կարժենա 300 միլիոն դոլար: The Wall Street Journal-ը ընդգծել է, որ USS Gerald R. Ford ավիակիրի հրդեհի պատճառած վնասը դեռեւս անհայտ է մնում:





























