Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը, ում զորամասում ծեծի հետեւանքով հոգեխանգարման են հասցրել, վերջնականապես ազատվել է ծառայությունից եւ երեկ ստացել է իր զինվորական գրքույկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: Նրանց փոխանցել են նաեւ հաշմանդամության թոշակից օգտվելու Ժորայի գրքույկը: Սակայն, ըստ նրա, սա այն դեպքը չէ, որ ուրախանան տղայի զինվորական գրքույկով:

Ժորայի հոր խոսքով, շատ անհիմն բաներ կան բանակից ազատման հիմնավորման մեջ, որն իրականությանը չի համապատասխանում: «Ծառայությունից ազատման պատճառաբանության մեջ նշվում է, որ դիրքերում սղացել ընկել է եւ գանգուղեղի վրա երկու ճեղքվածք ստացել: Մի քանի անգամ կարդացի չհավատալով, բայց գրված էր նաեւ, որ միկրոինսուլտ է ստացել: Չգիտեմ ճիշտ եմ կարդացել, թե` սխալ: Մի շարք մանկական հիվանդություններ են գրել: Եթե այդպիսի բաներ կար, այսքան մանկական հիվանդություններ ուներ ինչո՞ւ տարաք բանակ, որ ծեծել տայիք նոր զորացրեի՞ք»,- հարցնում է հայրը:

Բացի այդ, Ժորայի առողջական վիճակն էլ է Մկրտիչ Մկրտչյանին անհանգստացնում, իսկ բուժման տանելու համար 5 երեխաների հայրը հնարավորություններ չունի: Նրանց ընտանիքում աշխատում է միայն Մկրտիչ Մկրտչյանը, ով հովվությամբ է զբաղվում:
«Ժորան շատ թույլ է, որ թողնենք մինչեւ կյանքի վերջը կպարկի: Գիտակցությունը գալիս գնում է, մի պահ անջատվում է, գոռում եմ «Ժորիկ, Ժորիկ» նոր հետ է գալիս: Ես չունեմ հնարավորություն, որ բուժման տանեմ նրան: Ներկա պահին փորձում եմ միայն, որ սնունդը նորմալ լինի: Բայց նաեւ հասկանում, որ եթե այսպես շարունակվի, երեխաս խելքը կթռցնի: ՊՆ-ն պարտավոր էր ամեն ինչով տղայիս թիկունքին կանգնել, բայց ոչ հարցնում են, ոչ էլ պատասխանատվության ու մեղավորության դրսեւորում կա»,- նկատեց հոգեխանգարման հասցված զինվորի հայրը:

Նա նշեց նաեւ, որ մարտին մյուս տղայի բանակ զորակոչվելու ժամանակն է եւ գլխին եկածից չգիտի, թե ինչ անի: «Մեկ ասում եմ ուղարկեմ, մեկ էլ ասում եմ թող գան ինձ տանեն դատեն ավելի լավ է, քան տանեն ու իմ երկրորդ տղայիս էլ անդամալույծ բերեն գցեն կողքս»,- դժգոհեց Ժորա Մկրտչյանի հայրը, ով 3 տղա եւ 2 աղջիկ ունի:

Հիշեցնենք, որ 19-ամյա Ժորա Մկրտչյանը «Եղնիկներ» զորամաս է զորակոչվել է 2010թ-ի դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, իսկ սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք է տեղափոխվել: Պատճառն էլ հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի պատմելով այն է եղել, որ զինծառայողներից մի քանիսը տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը եւ տղան ցանկացել է դիմադրել: Արդյունքում հայրը տղային տեսել է անտանելի վիճակում, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, ոտքերը` վերք, կապույտ:

Տղան նաեւ սրտից է բողոքում, քանի որ ոտքով միշտ խփել են սրտին:  Ավելի վաղ` ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ սույն գործով սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Իսկ շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին ՀՀ Քր.օր-ի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե կալանքը, այլ հրամանքտարության հսկողության տակ գտնվելը:

Հ.Գ. Ժորա Մկրտչյանի հայրը որդու բուժման համար օգնության կարիք ունի. օգնել ցանկացողները  կարող են զանգահարել նրան հետեւյալ հեռախոսահամարով` 098 84 66 95: