ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Յոթնյակի երկրների արտգործնախարարներին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կտևի ևս երկու-չորս շաբաթ, Axios-ին հայտնել են երեք աղբյուրներ:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ակնարկում է, որ պատերազմը կտևի ավելի երկար, քան չորս-վեց շաբաթը, որի մասին նախագահ Թրամփը խոսել է պատերազմի սկսվելուց ի վեր:

Ռուբիոն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ լուրջ բանակցություններ վարելուն: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը վճռական է այս պատերազմում իր բոլոր նպատակներին հասնելու հարցում:

Ըստ երեք աղբյուրների՝ Ռուբիոն Մեծ Յոթնյակի երկրների իր գործընկերներին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Իրանի հետ շփվել միջնորդների միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն: Նա շեշտել է, որ այս պահին անորոշություն է տիրում այն հարցում, թե Թեհրանում իրականում ով է ներկա պահին որոշումներ ընդունում:

Ռուբիոն հավելել է, որ կան երկու իրանցի պաշտոնյաներ, որոնք ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն նրանց անհրաժեշտ է, որ բարձրաստիճան ղեկավարությունը հավանություն տա դրան:

Նա հայտարարել է, որ միջնորդները դժվարանում են շփվել իրանցի պաշտոնյաների հետ, քանի որ նրանք խուսափում են հեռախոսներից՝ սպանությունից վախենալով: Ըստ աղբյուրների՝ դա դանդաղեցրել է հաղորդակցության տեմպը:

Ըստ աղբյուրներից մեկի՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-տ կարիք չունի G7 երկրների օգնությանը՝ Հորմուզի նեղուցը վերաբանալու համար, սակայն ցանկանում է, որ իր դաշնակիցները միանան ռազմածովային ուժերին՝ պատերազմի ավարտից հետո նեղուցը պաշտպանելու համար։

«Ռուբիոն շեշտել է, որ հաջորդ փուլում ԱՄՆ-ը կարիք կունենա մեր ծառայությունների՝ նավերը ուղեկցելու կամ պարզապես Հորմուզի նեղուցում միջազգային ներկայություն ապահովելու համար՝ իրանցիներին ցույց տալու համար, որ նրանք չեն վերահսկում նեղուցը։ Բոլորը համաձայն են»,- ասել է աղբյուրը։