Գերմանիայի խոշորագույն բեռնարկղային ընկերությունը՝ Hapag-Lloyd-ը, Իրանի շուրջ հակամարտության պատճառով բազմամիլիոն դոլարի վնասներ է կրում։ Լրացուցիչ ծախսերը շաբաթական հասնում են 40-50 միլիոն դոլարի, հայտնում է Bild-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Ռոլֆ Հաբբեն Յանսենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «այս ծախսերը լուրջ մարտահրավեր են դարձել մեզ համար»։ Նա նաև ընդգծել է, որ նման կորուստները երկար չեն կարող պահպանվել։
Նրա խոսքով՝ ընկերության վեց նավերը, որոնց վրա մոտ 150 մարդ կա, այժմ մնում են Պարսից ծոցում։ Անձնակազմին տրամադրվել է ջուր և սնունդ, բայց ընկերությունը փորձում է նավերը հնարավորինս արագ հեռացնել վտանգավոր տարածքից։
Լրագրողների հարցին ի պատասխան, թե արդյոք բանակցություններ են ընթանում Իրանի իշխանությունների հետ, Յանսենն ասել է, որ ընկերությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։





























