Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում և մտահոգություն առաջացնելով միջազգային հանրության շրջանում։ Ռազմական հարվածներն ու կողմերի պատասխան գործողությունները շարունակում են ազդել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա։

NEWS.am-ը ներկայացնում է կիրակի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ամփոփումը։

• Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ հարված է հասցրել Թեհրանի արդյունաբերական համալիրին, որն օգտագործվում էր ռազմածովային սպառազինության հետազոտման և մշակման համար։

Ըստ ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության, շտաբը պատասխանատու է ռազմածովային սպառազինության լայն տեսականու, այդ թվում՝ վերջրյա և ստորջրյա նավերի, կառավարվող և անօդաչու սարքավորումների, ինչպես նաև շարժիչների ու սպառազինության հետազոտման, մշակման և արտադրության համար։

• ԱՄՆ ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանումը, որի կազմում է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Տրիպոլի» ռազմանավը, Խաղաղ օվկիանոսից ժամանել է Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ Ըստ CENTCOM-ի, ստորաբաժանման կազմում կա շուրջ 3500 նավաստի և ծովային հետևակային։ Երկրորդ ստորաբաժանումը, որը բաղկացած է մոտ 2200 ծովային հետևակայինից և երեք ռազմանավից, դեռևս շարժվում է դեպի Մերձավոր Արևելք. այն անցյալ շաբաթ է մեկնել Կալիֆոռնիայից։

• ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարձակվել են Իրանի արևմտյան Խուզեստան նահանգի Հաֆթգել քաղաքի ջրամատակարարման խոշոր աղբյուրի վրա. հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ըստ իրանական լրատվամիջոցների, տարածաշրջանի ջրային ռեսուրսները դեռևս հասանելի են այլ աղբյուրներից։

• Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում պատմել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ ունեցած զրույցի մասին՝ վերջինիս տան վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Ըստ Մակրոնի, անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու համար Իրաքի ներքաշումը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։