Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցության ներկայացուցիչն անցյալ շաբաթ հանդես է եկել Հունաստանում կղզիներ գնելու նախաձեռնությամբ՝ Հրեական ազգային հիմնադրամի միջոցների հաշվին «ի շահ հրեա ժողովրդի». գրում է «Афинские новости»-ն։
Ըստ լրատվամիջոցի, արտակարգ իրավիճակներում Իսրայելի քաղաքացիների համար որպես «ապաստարան» հունական կղզիներ գնելու հնարավոր նախաձեռնությունը արձագանք և քննադատություն է առաջացրել նույնիսկ իսրայելական կողմի ներսում։
Առաջարկը հնչեցրել է Ավրի Շտայները՝ պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցի «Կախոլ Լավան» կուսակցության ներկայացուցիչը և Հրեական ազգային հիմնադրամի (JNF) դուստր կառույցի՝ Himnuta ընկերության տնօրենների խորհրդի անդամը։
Հաղորդվում է, որ Շտայներն առաջարկել է դիտարկել հիմնադրամի միջոցներով Հունաստանում կղզիներ ձեռք բերելու հնարավորությունը՝ պատերազմի կամ լայնածավալ ճգնաժամերի դեպքում բնակչության համար «անվտանգ ապաստարան» ստեղծելու նպատակով։
Ըստ նրա, գաղափարն առաջացել է անվտանգության սպառնալիքների, այդ թվում՝ Իսրայելի տարածքին հասցվող հնարավոր հրթիռային հարվածների քննարկումների ֆոնին։ Այս համատեքստում դիտարկվել է քաղաքացիական բնակչության զգալի մասի տարհանման սցենարը։
Առանձին նշվել է, որ, ըստ նախաձեռնողի գնահատականների, Հունաստանում կան մի քանի տասնյակ անմարդաբնակ կղզիներ, որոնք տեսականորեն կարող էին օգտագործվել նման նպատակների համար։
Սակայն առաջարկն աջակցություն չի ստացել։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների, քննարկման մասնակիցների մեծամասնությունը մերժել է նախաձեռնությունը՝ նշելով, որ այն դուրս է JNF-ի լիազորությունների շրջանակից, քանի որ կառույցը նախատեսված չէ Իսրայելից դուրս հողեր ձեռք բերելու համար։
Քննադատությունը վերաբերում էր նախևառաջ իրավական և ֆինանսական ասպեկտներին, այդ թվում՝ նման գործողությունների համար մանդատի բացակայությանը, ինչպես նաև հիմնադրամի միջոցների օգտագործման նպատակահարմարությանը։