Այս պատերազմի կանխատեսելի արդյունքներից մեկը ոչ միայն Իրանի միջուկային ներուժի վերացումն է, այլև, որ շատ ավելի վտանգավոր է, այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք հող կնախապատրաստեն եղբայրասպան պատերազմի, արյունալի վրեժխնդրության համար։ Այն տասնամյակներ շարունակ կձգվի մեր տարածաշրջանի հիմնական բնակիչների՝ թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև։ Այս մասին Ռազմավարական հաղորդակցությունների միջազգային գագաթնաժողովում (STRATCOM) իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը. հայտնում է Anadolu-ն։

Ըստ Քալընի, անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած իսրայելա-իրանական 12-օրյա պատերազմը փորձարկման բնույթ ուներ և նպատակ ուներ բացահայտելու այն պատերազմի փաստացի պայմանները, որում այժմ գտնվում է տարածաշրջանը։

«Ամեն անգամ հայտարարելով, որ անկանխատեսելիության, խոցելիության և ուժի կամայական կիրառման վրա հիմնված համաշխարհային համակարգը կարող է միայն նոր ճգնաժամեր ու պատերազմներ ծնել, մենք մեծ ջանքեր ենք գործադրել նման հակամարտություններն ու ավերածությունները թույլ չտալու համար։ Այսօր, գտնվելով այս պատերազմի էպիկենտրոնում, շուրջ մեկ ամիս մենք հսկայական ջանքեր ենք գործադրել նախ՝ այս պատերազմին վերջ տալու և, երկրորդ՝ Թուրքիային դրանից հեռու պահելու համար»,- ասել է նա։

Ըստ թուրքական հետախուզության ղեկավարի, Անկարան ակտիվացնում է բոլոր ջանքերը, «որպեսզի այս պատերազմը չտարածվի ամբողջ տարածաշրջանում, չդառնա էլ ավելի կործանարար և անդառնալի վնաս չհասցնի ապագային»։

«Պետք է նաև նշեմ, որ այս մեծ պատերազմի հետ մեկտեղ մեր տարածաշրջանում բռնկվում է նաև երկպառակության հսկայական հրդեհ։ Այս պատերազմի կանխատեսելի արդյունքներից մեկը ոչ միայն Իրանի միջուկային ներուժի վերացումն է, այլև, որ շատ ավելի վտանգավոր է, այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք հող կնախապատրաստեն եղբայրասպան պատերազմի, արյունալի վրեժխնդրության համար, որը տասնամյակներ շարունակ կշարունակվի թուրքերի, քրդերի, արաբների և պարսիկների միջև»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան «երբեք չի եղել և չի լինի այնպիսին, որը յուղ կլցնի երկպառակության կրակին»։