Մոնղոլիայի Մեծ պետական խուրալի (խորհրդարանի) նախագահ Նյամ-Օսորին Ուչրալը երկուշաբթի օրը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պատճառով։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։
Ըստ խորհրդարանի տվյալների՝ մարտի 27-ին պատգամավորներն ընդունել են Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարի հրաժարականը։ Իր ելույթում նա վկայակոչել է երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակը, ինչպես նաև քաղաքական ճնշումները։ Զանդանշատարը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։
Երկուշաբթի օրը խորհրդարանի խոսնակ Ուչրալը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության (իշխող ձախակողմյան կենտրոնամետ քաղաքական ուժ) կողմից վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման կապակցությամբ։ Պատգամավորների ավելի քան 80%-ը կողմ է քվեարկել նրա հրաժարականին։
«Որոշվում է Մեծ պետական խուրալի անդամ Նյամ-Օսորին Ուչրալին ազատել նախագահի պարտականություններից։ Մինչև նոր նախագահի ընտրությունը՝ այդ պարտականությունները կկատարի Մեծ պետական խուրալի նախագահի տեղակալ Ժադամբին Բատ-Էրդենեն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդվել էր, 2025 թվականի հոկտեմբերին՝ չորս ամսվա աշխատանքից հետո, վարչապետ Զանդանշատարն արդեն մեկ անգամ հեռացվել էր պաշտոնից՝ Մոնղոլիայի Սահմանադրության որոշ դրույթների ենթադրյալ խախտման և լիազորությունների չարաշահման պատճառով։ Ավելի ուշ երկրի նախագահ Ուխնաագիին Խուրելսուխը վետո էր դրել խորհրդարանի որոշման վրա, իսկ Մոնղոլիայի Սահմանադրական դատարանը բանաձևն անօրինական էր ճանաչել։ Ի վերջո, Զանդանշատարը պահպանել էր պաշտոնը։
Վարչապետի պաշտոնավարման ինը ամիսների ընթացքում ածխի արտահանումն ավելացել է երեք անգամ, աճել է երկրի ՀՆԱ-ն, իսկ արտարժութային պահուստները պատմության մեջ առաջին անգամ հասել են 7,1 միլիարդ դոլարի։ Բացի այդ, բյուջետային ծախսերի կրճատման նպատակով Զանդանշատարի կառավարությունը նախաձեռնել էր պետական ծառայության բարեփոխում՝ զգալիորեն կրճատելով պետական ծառայողների թվաքանակը և վերացնելով կրկնվող կառույցները։ Բյուջեի խնայողությունը կազմել է 2,3 տրիլիոն տուգրիկ (644 միլիոն դոլար)։





























