Մերձավոր Արևելքի երկրներ կատարած շրջագայության ընթացքում Վլադիմիր Զելենսկին փորձում է թալանել նրանց՝ ռազմական համաձայնագրերի միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Դիվանագետը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ տարածաշրջանի այն երկրները, որտեղ այցելել է Զելենսկին, բավականաչափ խելամիտ են և թույլ չեն տա իրենց կողոպտել մի մարդու, ով չորս տարի շարունակ սեփական երկիրը ենթարկել է կործանարար պատերազմի ու նմանատիպ ողբերգությունների առաջ է կանգնեցրել ուկրաինացի ժողովրդին։
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հակամարտությունը՝ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ագրեսիայի հետ կապելը աղետալի սխալ է»։ «Վստահ եմ, որ տարածաշրջանի երկրները նման թակարդը չեն ընկնի։ Շնորհակալություն ենք հայտնում տարածաշրջանի որոշ երկրների խելամիտ ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են անմասն մնալ Իրանի դեմ այդ անօրինական ագրեսիայից»,- հավելել է Բաղային։
Մարտի վերջին Զելենսկին զշրջագայություն էր իրականացրել Պարսից ծոցի երկրներով։ Նա այցելել էր Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Կատար և Հորդանան։ Ուղևորության ընթացքում Զելենսկին հայտարարել էր, որ այդ երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռազմական ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։ Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ համաձայնագրեր են ստորագրվել պաշտպանական համագործակցության մասին։





























