Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար, համատեղ իրականացրել են կարողությունների զարգացման երկօրյա աշխատաժողով։
ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնում են, որ աշխատաժողովն անդրադարձել է ընտրությունների լուսաբանման հիմնական մարտահրավերներին, այդ թվում՝ ապատեղեկատվության, կողմնակալության, անհավասար լուսաբանման խնդիրներին, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվել է ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։
Միջազգային փորձը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ռաստո Կուզելը, ՀՀ օրենսդրությունը՝ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը, ԿԸՀ Վերահսկիչ և վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը, Հեռուստատեսությհան և ռադիոյի հանձնաժողովի Ծրագրերի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։
Ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԸՀ նախագահը, կարևորելով ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների լավարկումը և ընտրական օրենսդրությանը հնարավորինս լավ տիրապետելը։
Աշխատաժողովին ներկա են եղել նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Աշխատաժողովին մասնակցել է 15 ԶԼՄ-ի 21 ներկայացուցիչ։ ԵԽ Երևանյան գրասենյակի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվելու է ևս մեկ աշխատաժողով՝ կրկին հավատարմագրված ԶԼՄ-ների համար։




























