«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների, էներգետիկայի նախարարները և կենտրոնական բանկերի ղեկավարները երկուշաբթի օրը կայանալիք առցանց գագաթնաժողովում դժվար թե կարողանան գտնել Իրանի շուրջ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամից դուրս գալու լուծումը։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով մի դիվանագետի։
Politico-ն ընդգծում է, որ հանդիպումը կարող է ավարտվել առանց վերջնական հայտարարության։
Պարբերականը նշում է, որ Եվրոպայի կողմից ճգնաժամին համակարգված արձագանքի բացակայությունը ստիպում է երկրներին անհապաղ միջոցներ ձեռնարկել ազգային մակարդակով, քանի որ եվրոպական պետությունները չափազանց սուր են զգում էներգակիրների գների բարձրացման հետևանքները։ Այնուամենայնիվ, Եվրոպայի երկրների առաջնորդները զգուշացնում են, որ սպառել են իրենց կառավարությունների մակարդակով լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները և այժմ սպասում են Բրյուսելի կողմից իրականացվող համակարգմանը։
Politico-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովն այս շաբաթ կներկայացնի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներ: Այդ փաթեթը կարող է ներառել ֆինանսական օգնություն տուժած ոլորտներին, վառելիքի սուբսիդավորման հարցում պետական աջակցության տրամադրման կանոնների մեղմացում և ածխածնային քվոտաների արժեքի փոխհատուցում: «Վերջին գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներն արտահայտվեցին առավել քան հստակ: Մեզ անհրաժեշտ են այդ միջոցառումները, և ես դրանց սպասում եմ առաջիկա օրերին», — պարբերականին հայտնել է եվրոպացի դիվանագետը։




























