Մարտի 30-ին Երևանում տեղի է ունեցել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը տևել է մոտ 2 րոպե։

Պատգամավորները պետք է քննարկեին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը՝ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ»։ Սակայն, ինչպես նշել է հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը (որը փաստացի ներկայացված է միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությամբ)՝ ի դեմս իր ղեկավար Հայկ Մամիջանյանի, խնդրել է նախագծի քննարկումը հետաձգել երկու ամսով։

Մամիջանյանը, մասնավորապես, մատնանշել է այն փաստը, որ խորհրդարանական լսումների անցկացումից հետո իրենք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն լրամշակել Ազգային ժողովի հայտարարության նախագծի տեքստը:

Ընդդիմության հերթական հայտարարության նախագիծն այս անգամ վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերություններում առաջացած լարվածությանը, ինչպես նաև պետության կողմից գործադրվող ճնշումների և սահմանադրական-իրավական կարգավորումների վերաբերյալ մտահոգություններին:

Հայտարարության այս նախագծի բովանդակությունն ուղղված է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող սահմանադրական սկզբունքների, ինչպես նաև դրանց ներկա վիճակի քննարկմանը: