Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը, արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությամբ, խոր մտահոգություն են հայտնել Իսրայելի քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որոնք կընդլայնեն մահապատժի շրջանակը: Նրանք Իսրայելին կոչ են արել հրաժարվելու այդ փոփոխություններից: Դրանք կարող են քվեարկության դրվել Քնեսեթում առաջիկա օրերին:

«Մենք հատկապես մտահոգված ենք այս օրինագծի փաստացի խտրական բնույթով: Դրա ընդունումը կասկածի տակ կդնի Իսրայելի հանձնառությունը՝ հարգելու ժողովրդավարական սկզբունքները: Մահապատիժն անմարդկային և նվաստացուցիչ պատժի ձև է, որը զսպող ազդեցություն չունի: Մահապատժից հրաժարվելը հիմնարար արժեք է, որը միավորում է մեզ»,- ընդգծված է հայտարարության մեջ, հայտնում է DW-ն։

Իսրայելում ահաբեկչության համար մահապատժի ներդրման առաջարկող օրինագիծը նախաձեռնել է ծայրահեղ աջ «Հրեական ուժ» կուսակցության ներկայացուցիչ Լիմոր Սոն Հար-Մելեխը։ Քնեսեթն օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է 2025 թվականի նոյեմբերին։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները հնարավորություն են տալիս մահապատիժ կիրառել այն պաղեստինցու նկատմամբ, որը սպանում է իսրայելցու, բայց ոչ այն իսրայելցու նկատմամբ, որը սպանում է պաղեստինցու, այդ ժամանակ հայտնել էր AFP-ն։

Իսրայելի օրենսդրությունը հնարավորություն է տալիս մահապատիժ կիրառել որոշակի հանցագործությունների համար, սակայն վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1962 թվականին, երբ Երուսաղեմի դատարանը կախաղան հանեց նացիստ ռազմական հանցագործ Ադոլֆ Այխմանին։ Նա եվրոպացի հրեաներին մահվան ճամբարներ արտաքսման հիմնական կազմակերպիչներից մեկն էր։