Իտալիան դիտարկում է թուրքական Bayraktar TB3 հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման հնարավորությունը՝ Cavour ավիակիրը զինելու համար։ Այս մասին երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Իտալիայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Բերուտի Բերգոտոն։
Նրա խոսքով՝ անօդաչու սարքերի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է թուրքական Baykar ընկերության մշակած սարքերի հնարավորությունների ցուցադրությունից հետո։ Մասնավորապես, ցուցադրվել են TCG Anadolu ունիվերսալ դեսանտային նավի տախտակամածից Bayraktar TB3-ի թռիչքի և վայրէջքի կադրերը։
Բերգոտոն նշել է, որ հնարավոր գնումը կարող է իրականացվել իտալական Leonardo ընկերության հետ համագործակցության միջոցով, որի հետ Baykar-ն ավելի վաղ համաձայնագիր էր ստորագրել։ Ենթադրվում է, որ հենց այդ ընկերության միջոցով էլ կիրականացվի անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը Cavour-ի վրա։
«Cavour» ավիակիրը Իտալիայի ռազմածովային ուժերի ֆլագմանն է և ընդունակ է հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ (կարճեցված թռիչքով ու ուղղահայաց վայրէջքով) և ուղղաթիռներ կրել իր վրա։ Թուրքական «TCG Anadolu»-ն նույնպես ի սկզբանե նախագծված է exel F-35-ների համար, սակայն ծրագրից Թուրքիայի հեռացումից հետո այն վերակողմնորոշվել է դեպի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։




























