Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցները՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորությամբ, Դոնալդ Թրամփին կոչ են անում շարունակել Իրանի դեմ պատերազմը՝ հայտարարելով, որ Թեհրանը բավարար չափով չի թուլացել մեկամսյա ռմբակոծությունների պատճառով։ Դրա մասին Associated Press-ին հայտնել են ԱՄՆ-ի, Պարսից ծոցի երկրների և Իսրայելի պաշտոնյաները։
Ըստ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի և Բահրեյնի պաշտոնատար անձանց՝ նրանք չեն ցանկանում, որ ռազմական գործողությունն ավարտվի մինչև Իրանի ղեկավարության մեջ կամ Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություն տեղի չունենա։
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները գլխավորում են Թեհրանի վրա ռազմական ճնշման ուժեղացման կոչերը։
Ըստ դիվանագետի՝ Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի երկրներից ամենաագրեսիվը և վճռականորեն պնդում է, որ Թրամփը ցամաքային ներխուժման հրաման տա։ Քուվեյթը և Բահրեյնը ևս աջակցում են այդ տարբերակին։
Օմանը և Կատարը, որոնք պատմականորեն միջնորդի դեր են խաղացել Իրանի և Արևմուտքի միջև, կողմ են դիվանագիտական կարգավորմանը։
Դիվանագետը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգներին համոզել է, որ պատերազմի դադարեցումը հիմա չի հանգեցնի «օգտակար համաձայնագրի», որը կապահովի Իրանի արաբ հարևանների անվտանգությունը։
Սաուդյան Արաբիան պնդում է, որ պատերազմի վերջնական կարգավորումը պետք է «չեզոքացնի Իրանի միջուկային ծրագիրը, ոչնչացնի նրա բալիստիկ հրթիռային հնարավորությունները, դադարեցնի Թեհրանի աջակցությունը պրոքսի խմբավորումներին և ապահովի, որ Իսլամական Հանրապետությունը չկարողանա ապագայում արդյունավետորեն փակել Հորմուզի նեղուցը»։





























