Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարվածել է Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղու մոտ գտնվող շենքին, որտեղ տեղակայված էին շիական «Հըզբոլլահ» կազմակերպությանն առնչվող ընկերությունների գրասենյակները։ ТАСС-ին հայտնել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը։

«Շենքում գտնվող մարդիկ հասցրել են տարհանվել, քանի որ նախապես զգուշացվել են իսրայելական հրամանատարությունից,- նշել է աղբյուրը։ -Հարվածի վայրից 300 մետր շառավղով այլ շենքերի բնակիչները ևս տարհանվել են իրենց բնակարաններից»։

Իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին երկու նախազգուշացում է արել քաղաքի Բիր Աբեդ, Բուրջ ալ-Բարաջնե, Ղոբեյրի, Թահվիտա ալ-Ղադիր, Հադաս, Հարեթ Հորեյք և Շիյա թաղամասերում «Հըզբոլլահի» թիրախների վրա առաջիկա օդային հարվածների մասին։

Ըստ նրա՝ իսրայելական զինվորականները շարունակում են «աճող ուժով» ոչնչացնել «Հըզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքները Բեյրութում և ամբողջ Լիբանանում։