Եվրոպական միությունը փորձում է ուժեղացնել Հունգարիայի վրա գործադրվող ճնշումը, որպեսզի վերջինս հանի իր վետոն Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշման վրայից։ Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ կշարունակի վարկի վճարման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է The Guardian-ը։
Եվրահանձնաժողովը նշել է, որ իրավական տեքստ կպատրաստի, որտեղ շարադրված կլինեն 2026 թվականին իրականացվելիք 45 միլիարդ եվրոյի չափով առաջին վճարման մանրամասները և այն, թե ինչ նպատակներով են օգտագործվելու այդ միջոցները։ Այդ փաստաթուղթը կուղարկվի ԵՄ անդամ երկրների քննարկմանը։
Այս նախագիծն ուղարկվելու է Եվրոպական խորհուրդ՝ բլոկի 27 երկրների առաջնորդների վերջնական հաստատմանը։ Բրյուսելում կարծում են, որ սա պետք է լինի զուտ ձևական գործընթաց, քանի որ առաջնորդները դեռ անցյալ դեկտեմբերին սկզբունքային համաձայնություն են տվել վարկին։ Եթե Վիկտոր Օրբանն այս փուլում կրկին փորձի խոչընդոտել գործընթացին, դա կդիտարկվի ոչ թե պարզապես քաղաքական դիրքորոշում, այլ Եվրոպական միության ներսում «ազնիվ գործակցության» սկզբունքի կոպիտ խախտում։
«Պլանը հիմնված է Ուկրաինայի կողմից տրամադրված մեծածավալ տեղեկատվության վրա, որը մենք համատեղ կերպով մշակել ենք ուկրաինական իշխանությունների հետ», - պարզաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաժ Ույվարին:
Նա նշել է, որ կան մի շարք այլ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է ընդունել նախքան գումարների վճարումը, սակայն Եվրահանձնաժողովն «անում է իրենից կախված ամեն ինչ՝ բոլոր մանրամասները հնարավորինս շուտ հստակեցնելու համար»:





























