Պակիստանի, Աֆղանստանի և Չինաստանի պաշտոնյաները չորեքշաբթի օրը հանդիպում են ունենալու չինական Ուրումչի քաղաքում։ Դա տեղի կունենա եռակողմ մեխանիզմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է պակիստանյան «Dawn» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչին։

Այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին Պակիստանը Աֆղանստանի դեմ սկսեց «Գազաբ լիլ-Հաք» գործողությունը՝ պատճառաբանելով «ահաբեկիչների դեմ պայքարը», երկու երկրների միջև դիվանագիտական կապերը գրեթե ամբողջությամբ խզվել էին։

Պակիստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումը, ըստ էության, «միջնորդական առաքելություն» չէ։

Դրա նպատակն է պարզապես մտքեր փոխանակել վերջին սրացումների շուրջ։ Թեև Չինաստանը հորդորում է վստահության վերականգնմանն ուղղված քայլեր ձեռնարկել (օրինակ՝ առևտրային ճանապարհների վերաբացումը), սակայն հանդիպումից լուրջ արդյունքներ չեն սպասվում։ Պաշտոնյաները մանրամասն քննարկում են տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը՝ փորձելով հավասարակշռել անվտանգության մարտահրավերներն ու տնտեսական առաջնահերթությունները։

Բանակցությունների ընթացքին տեղյակ դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանը կրկին բարձրացրել է Աֆղանստանի տարածքում «Տեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման հենակետերի ու թաքստոցների հարցը։

Աֆղանստանի «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, հայտարարելով այդ մտահոգությունները դիտարկելու պատրաստակամության մասին, շարունակում են պնդել, որ Պակիստանի տարածքում Տեհրիկ-ի-Թալիբանի գործողություններն իրենց ուղղակի պատասխանատվության տակ չեն գտնվում։ Չնայած պահպանվող տարաձայնություններին՝ բանակցությունները կենտրոնացած են նաև վստահության ամրապնդման և լարվածության նվազեցման միջոցառումների վրա։

Կարծիք կա, որ Պակիստանը «բացություն է դրսևորում Աֆղանստանի հետ առևտրային ուղիների վերագործարկման և տնտեսական համագործակցության հարցում»։

Իրադարձությունների ընթացքին ծանոթ մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ Պեկինը դիմել է երեքշաբթի օրը Չինաստանի մայրաքաղաքում գտնվող փոխվարչապետ Իսհակ Դարին՝ խնդրելով ներառել նաև Իսլամաբադի մասնակցությունը։ Պարզվում է, որ Քաբուլն է օգնություն խնդրել չինացիներից՝ Իսլամաբադին բանակցությունների սեղան վերադարձնելու հարցում։ Նա նաև հավելել է, որ Չինաստանին լրջորեն մտահոգում է «Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումը» (ETIM)։ Այն Աֆղանստանի տարածքում գործող անդրազգային ահաբեկչական կազմակերպություն է։