Գերմանիայի դաշնային դատախազությունը ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանք է առաջադրել մի տղամարդու նկատամամբ, ով սպառնացել էր սպանել Անգելա Մերկելին և Օլաֆ Շոլցին։ Մեղադրյալը Մարտին Ս.-ն է, ով Գերմանիայի և Լեհաստանի քաղաքացիություն ունի։ Նրան մեղադրում են ոչ միայն ահաբեկչությունը ֆինանսավորելու, այլև պետության համար վտանգավոր ծանր հանցագործությունների կոչեր անելու, ինչպես նաև ապօրինի կերպով անձնական տվյալների տարածման մեջ։ Դատախազության տվյալներով՝ առնվազն 2025 թվականի մայիսից սկսած Մարտին Ս.-ն «դարքնեթում» կոչ է արել հարձակումներ գործել Գերմանիայի հայտնի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների վրա։ Այս մասին հայտնում է DW-ն։
Նա անանուն կերպով ղեկավարել է մի հարթակ, որտեղ հրապարակել է «մահապատժի» դատապարտվածների ցուցակները, ինչպես նաև պայթուցիկ պատրաստելու հրահանգները։ Մարտին Ս.-ն կրիպտոարժույթով նվիրատվություններ է հավաքել, որոնք առաջարկել է որպես պարգևատրում սպանությունների համար։ Հարթակում հրապարակվել է նաև պոտենցիալ զոհերի գաղտնի անձնական տեղեկատվությունը։
Ինչպես գրել է «Der Spiegel» ամսագիրը, մեղադրյալի ցուցակներում ընդգրկված են եղել նախկին կանցլերներ Անգելա Մերկելը և Օլաֆ Շոլցը, ինչպես նաև մի քանի նախկին նախարարներ։ Մարտին Ս.-ն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռ 2020 թվականին, երբ մասնակցում էր համավարակի դեմ պայքարի միջոցառումների դեմ ուղղված բողոքի ակցիաներին։
Տղամարդը ձերբակալվել է նոյեմբերին՝ Դորտմունդում։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա 49 տարեկան է և հարում է աջ ծայրահեղական «Ռայխսբյուրգերների» (Reichsbürger) շարժմանը, որոնք չեն ճանաչում Գերմանիայի Դաշնային Հանրապետության լեգիտիմությունը և ձգտում են վերականգնել 1871 թվականի Գերմանական կայսրությունը։





























