2002 թվից ես ներդրում եմ արել, դզող–փչողի սերվիս եմ դրել, Հայթաղ գյուղում, ինձնից հիմա գազի գրասենյակից 900 հազար փող են ուզում, ինչի՞ համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, Արմավիրի մարզի գյուղերից մեկում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց գյուղացիներից մեկը։
«Հարկերը մուծում եմ, ՀԴՄ-ն մուծում եմ, բանակը մուծում եմ, թոշակառուն մուծում եմ, ինչի պիտի այդքան փող ուզեն, չկարողանամ աշխատել»,–ասաց նա։
Փաշինյանն էլ ասաց. «Դա բաժանորդ դառնալու սակագներն է, դե պիտի նայենք, թե ինչքանով է արդարացված, հիմնավորված։ Դա սահմանում է «Գազպրոմը» Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ։ Այս պահին բան չեմ ասում, մի հատ հասկանանք ինչի է տենց, հետո կարձագանքենք»։
Մեկ այլ գյուղացի կին էլ իր հարցով դիմեց վարչապետին. «Իմ հարցը շատ լուրջ է. ես ապրել եմ Ռուսաստանում, հիմա գալիս եմ Հայաստան, ունեմ երկու հաշմանդամ երեխա։ Եկել եմ, որ ապրեմ, իմ տան գրքույկը իմ մոտ է, բայց պետությունը իմ հիվանդ երեխեքի, թոռների տունը վերցրել է, տվել է ուրիշի»։
Փաշինյանը թղթերը նայելով նկատեց, որ դատարանն է տունը տվել այդ անձին. «Դատարանն է տվել, ես չեմ կարող ասել՝ ինչի է տվել, ի՞նչ ասեմ։ Եթե դատարանը որոշել է, ուրեմն հիմքեր ունեցել է։ Միայն դատարանով կարող եք հարցը լուծել, ես գործի հանգամանքները չգիտեմ, չեմ կարող ձեր հարցերին պատասխանել։ Ուրեմն ինչ–որ պատմություն է եղել տակը, ես չեմ կարող ասել։ Եթե վերաքննիչն էլ մերժել է, ավելի լավ է այդ էջը փակեք»,–ասաց Փաշինյանը։





























