Մադագասկարի դատախազությունը քրեական գործ է հարուցել 13 անձի նկատմամբ (այդ թվում՝ 1 գեներալ), որոնք կասկածվում են երկրի ժամանակավոր ղեկավար գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինայի սպանությունը նախապատրաստելու մեջ, հայտնում է AFP-ն:
Գեներալ Ռանդրիանիրինան իշխանության է եկել 2025 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո։ Բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել նրա նախորդը՝ Անդրի Ռաջոելինան։
Դատախազ Նարինդրա Նավալոնա Ռակոտոնիայնան հայտարարել է, որ 11 կասկածյալ է ձերբակալվել, իսկ մնացածների նկատմամբ կալանավորման օրդերներ են տրվել։ «Պետք է ընդգծել, որ այս գործով ներգրավվածների թվում կան բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ մի գեներալ, ով արդեն հրապարակավ հայտարարել էր պետական հեղաշրջմանը մասնակցելու իր մտադրության մասին», — ասել է նա։
Ռակոտոնիայնան չի նշել գեներալի անունը, սակայն ընդգծել է, որ գնդապետ Պատրիկ Ռակոտոմամոնջին եղել է գործողությունը մտահղացողների և կազմակերպողների թվում։ Նա ղեկավար պաշտոն էր զբաղեցնում նախագահի վարչակազմում մինչև հունվարին իր աշխատանքից ազատվելը։
Քննիչները հայտնաբերել են WhatsApp հավելվածով կասկածյալների նամակագրությունը, իսկ նրանցից մի քանիսն արդեն խոստովանել են, որ իրենց հաշվեհամարներին եղած միջոցներն օգտագործվել են դավադրությունը ֆինանսավորելու համար, հայտնել է դատախազը: Կասկածյալների բնակարաններում իրականացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նաև զենք և խոշոր չափի գումարներ:





























