Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի իր գործընկեր Մասուդ Փեզեշքիանին «եղբայր» է անվանել, ցավակցություններ հաստնել և խոստացել հումանիտար օգնության նոր խմբաքանակ ուղարկել Իրան, հայտնում է «Iranist» տելեգրամյան ալիքը։
«Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները կշարունակեն սատարել միմյանց ինչպես բարենպաստ, այնպես էլ դժվարին ժամանակներում»,- ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ, իմ եղբայր Մասուդ Պեզեշքիանի շնորհակալությունն ուղղված Ադրբեջանի ժողովրդին և պետությանը, ցուցաբերած աջակցության համար, բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից», — մեջբերում է ալիքն Ալիևի հայտարարությունը
Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանի և Իրանի բարեկամ ու եղբայր ժողովուրդները դարեր շարունակ սատարել են միմյանց»։
«Մեր բարեկամ ու եղբայր ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց, և մենք կշարունակենք թիկունք լինել միմյանց ինչպես բարենպաստ, այնպես էլ դժվարին ժամանակներում»,- ասված է հրապարակման մեջ, որն արվել է ի պատասխան Մասուդ Փեզեշքիանի համապատասխան գրառման։
Ավելի վաղ Փեզեշքիանն իր երախտագիտությունն էր հայտնել Ալիևին՝ Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերված հումանիտար օգնության համար։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերվող հումանիտար օգնությունը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգծելով, որ մոտ ժամանակներս օգնության նոր խմբաքանակ կուղարկվի:
«Մտահոգություն հայտնելով Իրանում իրավիճակի սրման կապակցությամբ՝ Ալիևը ցավակցել է իրանցի քաղաքացիների զոհվելու համար և հույս հայտնել, որ դիմակայությունը շուտափույթ կավարտվի: Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:





























