Զինված ոստիկանները, որոնք պահպանում էին Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, ենթադրաբար, փողոցում թողել են պայուսակ՝ զենքով եւ էլեկտրաշոկերով, որը հայտնաբերել է հասարակության ներկայացուցիչներից մեկը, տեղեկացրել է The Guardian-ը։

Ուրբաթ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը, եւ հինգ աշխատակիցներ հեռացվել են ծառայողական պարտականությունների կատարումից հետաքննության ընթացքում։ Պայուսակը գտնվել է Լոնդոնի հարավում, ճանապարհի եզրին, երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 21։40-ին։

«Մենք շտապ կարգով ուսումնասիրում ենք այս միջադեպի հանգամանքները եւ խոստովանում ենք, որ այն կարող է անհանգստություն առաջացնել։ Այս փուլում ենթադրվում է, որ պայուսակը կորցել են հերթապահ ոստիկանները, որից հետո այն գտել է հասարակության ներկայացուցիչը»,- հայտնել են ոստիկանությունում։

Պայուսակում եղել են Heckler & Koch MP5 կիսաավտոմատ կարաբին, Glock ատրճանակ, էլեկտրաշոկեր եւ զինամթերք, տեղեկացրել է The Sun-ը։ Շինարար Ջորդան Գրիֆիթսը նշել է, որ ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ իր հղի ընկերուհին տեսել է պայուսակը։