Խոցված F-15E-ի երկրորդ օդաչուն տարհանվել է Դեհդեշտ քաղաքի մոտակայքից. գրում է «Осведомитель» Telegram ալիքը՝ վկայակոչելով մերձավորարևելյան աղբյուրները։

Ըստ աղբյուրի տվյալների, նրան նախապես հայտնաբերել են Քոհգիլույե և Բոյեր-Ահմադ նահանգի Սիահ լեռան վրա, որտեղ նա թաքնվել էր ժայռերի ծերպերից մեկում։ Տարհանման թիմի ամերիկացի զինծառայողները հայտնել են, որ վայրէջք են կատարել Սպահանի հարավում գտնվող բաց տարածքում։ Սիահ լեռան և Սպահանի հարավի միջև հեռավորությունն ուղիղ գծով կազմում է առնվազն 231 կիլոմետր, իսկ ճանապարհով՝ 428 կիլոմետր։

Ալիքը նշում է, որ ամենայն հավանականությամբ, երկրորդ օդաչուն Քուվեյթի սահմանից մոտ 400 կմ հեռավորության վրա գտնվող տարհանման կետ է տեղափոխվել ուղղաթիռով՝ հնարավոր է հատուկ նշանակության ուժերի 160-րդ ավիագնդի MH-6M «Little Bird»-ով։

«Ստացվում է բավականին հետաքրքիր իրավիճակ, երբ ԱՄՆ զինված ուժերը մեկուկես օրվա ընթացքում օդային գործողություն են իրականացրել Իրանի խորքում՝ երկրի սահմանից 400 կմ հեռավորության վրա՝ կազմակերպելով որոնում, դաշտային օդանավակայան, օդաչուի տեղափոխում տարհանման կետ, ինչպես նաև հետագա տարհանում նոր ժամանած ինքնաթիռներով, և այդ ամենը՝ առանց անձնակազմի շրջանում կորուստների։ Ընդ որում, գործողության մեջ ներգրավված ամերիկյան ուժերին ամբողջ դիմադրությունը հիմնականում հիմնված էր տեղի բնակչության և «Բասիջ» ուժերի հրաձգային կրակի վրա՝ ի հայտ բերելով հսկայական բացեր ոչ միայն ՀՕՊ գոտիներում, այլև «Բասիջի», իրանական բանակի զինծառայողների և ԻՀՊԿ-ի տարրական կազմակերպվածության ու դյուրակիր զենիթահրթիռային համալիրների հարցում»,- ընդգծում է «Осведомитель»-ը։

Ըստ ալիքի, այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է նաև ցամաքային գործողության հնարավորությունը, F-15E-ի երկրորդ օդաչուի տարհանման գործողությունն ուղեկցող նման հանգամանքները կարող են ամերիկացիներին մղել ավելի համարձակ մտքերի՝ ուղղաթիռների և ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ օդային գործողությունների վերաբերյալ։