Հարավային Կորեայի նախագահ Լի ՉԺե Մյոնգն ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի օդային տարածք անօդաչու թռչող սարքի ներխուժման կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն։

Լի ՉԺե Մյոնգը կառավարության նիստում հայտարարել է, որ չնայած իր կառավարության մտադրությունը չէր, որպես նախագահ՝ նա Փհենյանին ափսոսանք է հայտնել առանձին անձանց  անպատասխանատու և անխոհեմ գործողությունների հետևանքով առաջացած ավելորդ ռազմական լարվածության համար։ 

Նա հրամայել է համապատասխան նախարարություններին անհապաղ կատարելագործել իրենց համակարգերը և արագորեն արդյունավետ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։ Նա միաժամանակ խորին ափսոսանք է հայտնել սահմանամերձ շրջանների բնակիչներին, որոնք ամենինց շատն էին մտահոգված միջադեպով։

Սա առաջին դեպքն է, երբ Հարավային Կորեայի առաջնորդը պաշտոնապես ափսոսանք է հայտնում անօդաչու թռչող սարքի Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման մասին հայտարարությունից ի վեր։

Միավորման նախարար Չունգ Դոնգ Յոնը ևս փետրվարի սկզբին Կառավարության մակարդակով Փհենյանին պաշտոնապես ափսոսանք էր հայտնել ԿԺԴՀ-ում մասնավոր անձանց կողմից անօդաչու թռչող սարքերի չարտոնված արձակման կապակցությամբ։

Լի ՉԺե Մյոնգը նշել է, որ Կորեայի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները խստիվ արգելում են մասնավոր անձանց սադրիչ գործողություններ կատարել ԿԺԴՀ-ի դեմ՝ ընդգծելով, որ նման սադրանքները խորապես ափսոսանք են հարուցում։

Նա հավելել է, որ հարավկորեական ժողովուրդը պետք է հստակ գիտակցի, որ Կորեական թերակղզում խաղաղությունն ու կայունությունը գերակա են, և իրենք պետք է պաշտպանեն դրանք։