Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Մաշտոցի այգում «բուտիկներ» տեղադրելու եւ դրա շուրջ ստեղծված վիճակի հետ:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ երեւանցիներ,

Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթեւ անելու եւ հասարակական փոխըմբռնման հասնելու համար:

Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որեւէ զարգացում, հանրային կարեւորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարեւորագույն գործառույթ է իրականացնում՝ ձեւավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:

Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետեւյալն են.

Երեւանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երեւանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաեւ Մաշտոցի պողոտա - Եզնիկ Կողբացի  հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երեւանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:

Սահմանված կարգով հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչեւ «Հին Երեւան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

Սեփականության հետ կապված կարեւոր եւ բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:

Թեեւ հնչած բացասական եւ ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երեւանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու թեեւ այս դեպքում ամեն ինչ օրինական է եւ փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարեւոր որոշում, որքան էլ այն հիմնավորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:

Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու եւ կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները.

- հենապատերի եւ եզրաքարերի վերանորոգում եւ վերականգնում,

- կանաչ գոտու վերականգնում եւ ավելացում, ծաղկապատում,

- ոռոգման ցանցի վերականգնում,

- սալիկների վերականգնում,

- նստարանների եւ աղբամանների տեղադրում,

- արտաքին լուսավորության ապահովում:

Վստահ եմ, որ Երեւանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում եւ ի շահ մեր քաղաքի: