Թուրքիայում սկսել են տեղանունները վերափոխել հին՝ հայկական եւ քրդական անուներով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
Թուրքիայում տեղանունների հին անվանումներին կրկին վերադարձը մեծ աշխուժություն է առաջացրել։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը վերջերս հայտնել էր, որ դրական է համարում տեղանունների անվանափոխումը հին անուններով։
Դիարբեքիրի քաղաքապետարանը ավելի վաղ դիմել էր տեղանունները փոխելու համար եւ ստացել է նահանգային վարչության համապատասխան որոշումը։ Դիարբեքիրի քաղաքպետարանին պատկանող արհեստանոցներում պատրաստված տեղանուների ցուցանակը ուրախացրել է գյուղացիներին։ Ցուցանակներում թուրքերենի տակ ավելացված է քրդերեն տարբերակը։
Դիարբեքիրի քաղաքապետարանի հեռահաղորդակցության բաժնի պետ Իբրահիմ Ալթընը նշել է. «Թուրքիայում ժողովրդավարացման նախաձեռնությունն է քննարկվում։ Ներքին գործերի նախարարը նույնպես այս հարցում առարկություններ չունի։ Ավելի վաղ էլ մենք ստացել են նահանգային վարչության դրական պատասխանը։ Մենք նոր ցուցանակները պատրաստելիս՝ օգտագործել ենք նաեւ տեղանունների քրդերեն տարբերակները։ Մինչ այժմ միայն դրական արձագանքներ են եկել։ Բացի այդ բոլորն էլ գյուղերը քրդական անուններով գիտեն»։
NEWS.am-ը հիշեցնում է, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել էր Բիթլիսի Գյուրոյմակ ավան, որտեղ նա այն անվանել էր հին՝ հայկական անունով, այսինքն՝ Նորշեն։ Սա մեծ աղմուկ էր բարձրացրել թուրք ընդդիմադիրների շրջանում։ Այս դեպքից հետո Գյուրոյմակի քաղաքապետարանը նախաձեռնել է անունը վերափոխել Նորշենի։
Նոյեմբերի 12-ի թուրքական խորհրդարանի քրդական հարցի կարգավորման քննարկումների ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահը քրդական հարցի լուծման օրինակ էր բերել Թունջելիի (Դերսիմ) 1937 թվականի կոտորածները։ Բացի այն, որ Թունջելիի բնակիչները, քաղաքապետը եւ այլ պաշտոնյաներ խիստ ընդվզեցին նման օրինակի համար, Թունջելիի քաղաքապետարանը նախաձեռնել էր գործընթաց՝ վերափոխել քաղաքը հին անունով, այսինքն՝ Դերսիմ։
Թուրքիայի արեւլեյան նահանգներում՝ Արեւմտյան Հայաստանում, տեղանունները փոխված են հիմանակում թուրքերեն անուններով, սակայն տեղի բնակչությունը շարունակում է օգտագործել հին՝ հայկական եւ քրդական անունները։
Վերջերս թուրքական գրախանութներում հայտնված Թուրքիայի քարտեզներում հետաքրքիր մի երեւույթ է նկատվել։ Օրինակ, Մշո Սուրբ Կարապետի վանքի տեղում առաջացած Չինգիլա գյուղը կրկին անվանվել է Կարապետ, իսկ Վարագավանքի գտնվելու վայրը՝ Բաքրաչլը գյուղը, նշված է որպես Վարագ։
Վանա Ախթամարի կղզին Թուրքիայում ընդունված էր կոչել Աքդամար (Akdamar), իսկ այժմ հիմնականում սկսվել է օգտագործվել Ահթամար (Ahtamar) ձեւը:




























