Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ին կայացած նիստում բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ կառավարությունը որոշել է, թե օրինագծի ընդունման դեպքում կխախտվի բոլոր սփյուռքահայերի եւ մասնավորապես՝ վիրահայերի հավասարության սկզբունքն ընդհանրապես, այն ոչ միայն չի նպաստի Ջավախքի հայաթափման տեմպերի թուլացմանը, այլեւ, ընդհակառակը, կարող է ունենալ հակառակ ազդեցություն եւ Ջավախքի հայաթափման պատճառ դառնալ:

Ի դեպ, Շիրակ Թորոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ ինքն առաջարկել էր փոփոխություններ կատարել այդ օրենքում: Ըստ օրենքի, յուրաքանչյուր օտարերկրացի Հայաստանում 90 օրից ավել մնալու դեպքում պարտավոր է ժամանակավոր կեցության վկայական ձեռք բերել, իսկ պատգամավորն առաջարկել էր այդ ռեժիմը չկիրառել Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի այն հայ բնակիչների նկատմամբ, որոնք աշխատում կամ սովորում են Հայաստանում: