Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Անվար Բալքիմիին հեռացրել են իսլամական «Նուր» կուսակցությունից` քթի պլաստիկ վիրահատության համար: Ավելին, Անվարի կուսակիցները փորձում են նրան զրկել նաեւ պատգամավորական մանդատից. Նման միջնորդություն նրանք ուղարկել են խորհրդարանի խոսնակ Սաադ ալ-Քաթաթնիին:
Կուսակցության անդամների խոսքով, բացի այն, որ Բալքիմիի արարքը կասկածելի է իսլամի տեսանկյունից, նա նաեւ խաբել է իր զինակիցներին, թաքցնելով վիրահատության փաստը: Պատգամավորը պատմություն էր հորինել, թե իբր իր վրա հարձակվել են եւ կոտրել քիթը: Բալքիմին նաեւ կեղծ բժշկական տեղեկանք էր ներկայացրել:
Պատգամավոր գործընկերներն այցելել են հիվանդանոց` տեսակցելու նրան, որտեղ էլ պարզվել է, որ ոչ մի հարձակում էլ չի եղել, իսկ պատգամավորի քթի վրա աշխատել է պլաստիկ վիրաբույժը, հաղորդում է «Ալ-Ահրամը»:




























