ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը Թուրքիայի մասով կարելի է միայն ողջունել: Այս մասին համագումարից հետո լրագրողներին հայտնել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ նախագահի խոսքերը հույս են ներշնչում, որ Հայաստանը հետագայում ավելի աչալուրջ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններում:

Նշենք, որ համագումարում Սերժ Սարգսյանը մասնավորապես, նշել էր, որ Հայաստանը պետք է հետեւողական լինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման հարցում, սակայն դա չի նշանակում, որ մոռացության է տրվում Ցեղասպանության հարցը: Նա նշել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն խելամիտ ժամկետներում եւ Թուրքիայի կողմից վավերացումը ձգձգելը կբերի նրան, որ Հայաստանը համապատասխան արձագանքի կարժանացնի դա՝ միջազգային նորմերի համաձայն:

Հատկանշանակ է, որ Սերժ Սարգսյանն իր այս ելույթով շարունակում է հավատարիմ մնալ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու իր դիրքորոշմանը, սակայն այդ արձանագրությունների դեմ հանդես եկող ՀՅԴ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի ելույթը: