Կանանց միջազգային օրվա նախօրեին Ռուսաստանի ապագա նախագահի հետ զրույցն սկսել են կանանց վերաբերող հարցից, որը վերաբերում է FEMEN շարժման ակտիվիստուհիների ընտրատեղամասում կազմակերպած հակապուտինյան ակցիային, որտեղ դրանից որոշ ժամանակ առաջ քվեարկել էր Պուտինը: «Ես արդեն գնացել էի, ափսոսում եմ»,-ասել է Պուտինը, նկատի ունենալով, որ FEMEN-իստուհիները մերկացել էին ընտրատեղամասում:
Ինչ վերաբերում է Ամենափրկիչ եկեղեցում Pussy Riot-ի երգելուն, ՌԴ վարչապետն ասել է. «Եթե խախտել են եկեղեցում սահմանված կարգը, ես ներողություն եմ խնդրում բոլոր հավատացյալներից: Հույս ունեմ դա չի կրկնվի», հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ինչ վերաբերում է մարտի 5-ին ընդդիմադիրների կազմակերպած բողոքի բազմահազարանոց ակցիային, որից հետո ձերբակալություններ տեղի ունեցան, Պուտինը ոստիկանների գործողությունները «շատ պրոֆեսիոնալ» է համարել: «Ոչ ոքի չեն ծեծել, հատուկ միջոցներ չեն կիրառել ցուցարարներին հեռացրել են, երբ նրանք սկսել են խախտել իրենց տրված սահմանաչափը»,-ասել է նա:
Պուտինի ներկայացմամբ, ընդդիմությունն իրական քաղաքական ուժ կդառնա, երբ կարողանա երկրի զարգացման առաջարկներ ձեւակերպել եւ ապացուցել, որ դրանք ավելի գրավիչ են:
Իր քաղաքական պլանների մասին խոսելով, Պուտինը նշել է, որ մինչ երդմնակալությունը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը. «Այստեղ հսկայական աշխատանք կա անելու: Ես աշխատանքի կգամ մինչեւ վերջին օրը»:
Ինչ վերաբերում է նոր կառավարության ձեւավորմանը, Պուտինի խոսքով, առաջիկա 2-3 օրում ինքը մտադիր է այդ հարցը քննարկել Դմիտրի Մեդվեդեւի հետ: «Մենք պետք է նախ երկուսով րոշում կայացնենք: Որոշակի գաղափարներ կան, բայց ինչու ժամանակից շուտ այդ մասին հրապարակային ասվի: Սկզբում պետք է այդ ամենը թղթի վրա շարադրվի»,- հավելել է ՌԴ վարչապետը:



























