Աշխաբադի Գեղարվեստի թանգարանում, որտեղ վերջերս տեղի է ունենում ծաղիկների ցուցահանդես, ցուցադրվել է գործող նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի գիպսե քանդակը: Նա պատկերված է ձիու վրա` ազգային գլխանոցով: Նրա ձեռքի մոտ քանդակագործը աղավնի է քանդակել:

Ինչպես հայտնում է «Նորությունների ռուսական ծառայությունը», սա Բերդիմուհամեդովի առաջին քանդակն է: Նրա նախորդ Սապարմուրադ Նիյազովը չէր ամաչում ինքն իր հուշարձանները տեղադրելուց: 

Այսպես, Աշխաբադում Արկայի գագաթին (ավելի քան 60 մետր բարձրությամբ) տեղադրել էին Նիյազովի 12 մետրանոց ոսկեզօծ արձանը, որը պտտվում էր  արեւին զուգահեռ:  Բերդիմուհամեդովի իշխանության գալով, որը պատերազմ  հայտարարեց անհատի պաշտամունքին, արձանը կազմաքանդեցին: Սակայն ավելի ուշ այդ նույն տեղում դրեցին ինքնավարության ավելի բարձր հուշարձան (95 մ), իսկ Նիյազովի արձանը տեղադրեցին դրա գագաթին: 

Թուրքմենստանում գործող իշխանությանը փառաբանելու միտումը միեւնույն է չի մարել: Մամուլում առաջվա նման նախագահին նվիրված ձոներ են հայտնվում, իսկ նրա պատվին Աշխաբադում թանգարան է ստեղծվել:

Բերդիմուհամեդովը նույնիսկ կոչում ունի. նրան անվանում են «Արքադագ» (Հովանավոր): Մինչեւ վերջերս Բերդիմուհամեդովի իշխանության ժամանակաշրջանն անվանվում էր  Մեծ Վերածննդի ժամանակաշրջան: Սակայն այն բանից հետո, երբ նա վերընտրվեց երկրորդ ժամկետով, հայտարարվել էր, որ երկրում նոր պատմական ժամանակաշրջան է սկսվել` Հզորության եւ երջանկության ժամանակաշրջանը: