ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանին Քեմբրիջում դիմավորել են բողոքի ակցիայով: Թինապահների ուղեկցությամբ քաղաքական գործիչն ստիպված է եղել օգտվել հետնամուտքից, որպեսզի կարողանա մտնել 150 ակտիվիստներով շրջապատված համալսարան: 

Ուսանողներն անթույլատրելի են համարում, որ համաշխարհային տնտեսությանը նվիրված դասախոսություն կարդալու համար հրավիրվել է մի մարդ, որը մինչեւ այժմ գտնվոմ է աղմկահարույց սեքս-սկանդալի կիզակետում: Ըստ նրանց` իրադրության դառը հեգնանքը նրանում է, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի ելույթը տեղի է ունենում Կանանց միջազգային օրվանից անմիջապես հետո, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2011 թվականի մայիսին Սթրոս Կանը ձերբակալվել էր Նյու Յորքում, որից հետո ստիպված էր եղել հրաժարական տալ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից եւ հրաժարվել Ֆրանսիայում քաղաքական նկրտումներից: Նրան մեղադրել էին հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ, սակայն հետագայում դատարանը դադարեցրել է քրեական գործը, քանի որ կինը սուտ ցուցմունքներ էր տվել:

Փետրվարի 21-ին Լիլում ԱՄՀ-ի նախկին ղեկավարը նորից էր ձերբակալվել, այս անգամ արդեն ֆրանսիական ոստիկանության կողմից: Իրավապահ մարմինների իրավասության ներքո են հայտնվել Սթրոս Կանի եւ ձերբակալված կավատի միջեւ հեռախոսային հաղորդագրությունները: Հետաքննությունը կասկածում է, որ Սթրոս Կանն անմիջական մասնակցություն է ունեցել կասկածելի երեկույթների կազմակերպման մեջ: Հարցաքննության հաջորդ օրը Սթրոս Կանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Ինչպես սպասվում է, պաշտոնական մեղադրանք նրան կներկայացվի մարտի 28-ին: