Թուրքիայի պետական արխիվների գլխավոր տնօրենը հայտնել է, որ իրենք ավարտել են նախապատրաստական աշխատանքները եւ կարող են ընդունել հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում ստեղծվելիք պատմական հանձնաժողովին: Այս մասին տեղեկացնում է թուրքական մի կայքէջ:
Թուրքիայի պետական արխիվների գլխավոր տնօրեն Յուսուֆ Սարընայը նշել է, որ Թուրքիայում է գտնվում Օսմանյան կայսրության 700-ամյա պատմությունը, եւ այն կրում է նաեւ միջազգային նշանակություն: «Այսօր 30-ից ավել պետության պատմությունն ու մշակույթը կա մեր արխիվներում: Մենք արդեն վերջացրել ենք նախապատրաստական աշխատանքները՝ ընդունելու ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների շրջանակներում ստեղծվելիք համատեղ պատմական հանձնաժողովին»,ասել է թուրքական պետական արխիվների գլխավոր տնօրենը: Վերջինս նշել է, որ իրենք հրատարակել են Օսմանյան կայսրության վերջին շրջանին վերաբերող փաստաթղթեր, որոնց մեջ է նաեւ 1876-1916 թվականների հայկական ապստամբություններին վերաբերող 258 փաստաթուղթ:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ, տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել է, որ Թուրքիան բացել է իր ռազմական արխիվները եւ առաջարկել է ստեղծել պատմական հանձնաժողով: Գյուլը հավատացրել է, որ Թուրքիան կընդունի մասնագետների ընդունած ցանկացած որոշում:
Ի դեպ, Թուրքիայում տասնամյակներ տեւող ժամանակահատվածում մանրակրկիտ ստուգվել եւ «մաքրվել» են օսմանյան արխիվները, եւ շատ ցանկության դեպում նույնիսկ, դժվար է այնտեղ լուրջ փաստաթղթեր գտնել, որ կապացուցի Հայոց ցեղասպանությունը:




























