Ուկրաինական հետաքննիչները որոշակի ապացույցներ չունեն այն բանում, որ Օդեսայում անցյալ ամիս ձերբակալված ահաբեկիչները մահափորձ էին կազմակերպել հենց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ: Նրանք ավելի շատ հակված են նրան, որ  ահաբեկիչները պատրաստվել են ոչ թե սպանությունների, այլ  տնտեսական օբյեկտներում անկարգությունների:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», հետաքննությանը մոտ աղբյուրները հայտարարել են, որ  իրեղեն փաստաթղթերի զննությունը այն հարցի պատասխանը չի տվել, թե ինչի են նրանք պատրաստվել:

Կասկածյալները ՈՒԱԾ-ին հայտարարել են, որ Ուկրաինայում իրենք սովորել են ռումբեր պատրաստել եւ փորձնական պայթյուններ են իրականացրել: Այդ մասին են վկայում նաեւ փաստերը: «Պուտինի շարասյան տեսագրության հետ մեկտեղ պահպանվել են նաեւ Օդեսայի խոշոր հասարակական շինությունների նկարները, օրինակ` մարզադպրոցի: Սակայն Օդեսայի տարածքում ոչ մի ահաբեկչություն էլ չի նախատեսվել: Դա հենց ուսումնառություն է եղել», – «Կոմերսանտին» հայտարարել է իրավապահ մարմինների աղբյուրը: 

Ինչպես կարծում են ուկրաինական քննիչները,  աղմկահարույց գործի անդամներն իսկապես պատրաստվել էին պայթյուններ իրագործել Ռուսաստանում: Սակայն նրանց նպատակը որոշակի անձինք չեն եղել, այլ ինֆրակառույցի օբյեկտները` գազատարներ կամ նավթատարներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը: Ահաբեկիչները ձերբակալվել էին փետրվարի սկզբին Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը, որը 2007 թվականից հետախուզվում է Մոսկվայում Հաղթանակի օրն ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով, եւ Իլյա Պյանզինը «Առաջին ալիքի» հարցազրույցում հայտարարել են, որ նախատեսել էին սպանել Պուտինին անմիջապես նախագահական ընտրություններից հետո: Ըստ ահաբեկիչների` իրենք պատրաստվում էին պայթեցնել վարչապետի շարասյունը: Նրանց խոսքով` Պուտինի սպանության պատվիրատուն եղել է չեչեն ահաբեկիչների ղեկավար Դոկու Ումարովը: