Հայկական ծագմամբ ուկրաինացի հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը «Նովիե Իզվեստիա»-ին տված հարցազրույցում խոսելով իր քաղաքական ուղղվածությունից` նշել է, որ մշտապես ընդդիմադիր է:
Պատասխանելով այն հարցին, թե մասնակցում է նա արդյոք որեւէ հասարակական շարժման Ուկրաինայում, Ռ. Բալայանը հայտնել է, որ անտարբեր է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կառույցների նկատմամբ:
«Ամբողջ կյանքում դա այդպես է եղել, առավել եւս` այժմ: Երբ ընդդիմությունը երազում է գրավել իշխանավորների տեղը, ինձ համար դա ընդդիմություն չէ: Ես մշտական ընդդիմության մեջ եմ: Քանի որ ես երբեք համաձայն չեմ: Ոչ նոր իշխանության, ոչ խորհրդային իշխանության հետ: Ես ունեմ ներքին ազատության իմ սեփական ըմբռնումը, որն էլ արտացոլվում է իմ կինոնկարներում… Ախր ես էլ արարքներ չեմ գործում: Անփոփոխ է միայն այն, որ ես ոչ մի կազմակերպության եւ նման բաների մեջ չեմ մտնում», - ասել է նա:
Ռ. Բալայանը նշել է, որ երբ իրեն առաջարկում են ինչ-որ նամակ ստորագրել, որը գրված է այնպես, որ միայն չարություն է առաջացնում, ապա նա առաջարկում է այն գրել իր անունից առանձին: «Քանի որ այդ գրության ձեւը «չար է»: Եթե քննադատությունը ամոթ չի առաջացնում քննադատվողի մեջ, այլ չարություն, ապա նրանք, ում քննադատում ես, ավելի վատը կդառնան», - նշել է ռեժիսորը:


























