Բելգիահայ երգչուհի Կարինեն (Karine’) Կարինե Օհանյան) պայմանագիր է ստորագրել «One Entertainment» պրոդյուսերական ընկերության հետ, եւ մինչեւ այս ամառ լույս կտեսնի նրա առաջին ձայնասկավառակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ Կարինեն՝ ավելացնելով, որ ապրիլին արդեն հանրությանը կներկայացվի իր եւ ամերիկացի երգիչ, պրոդյուսեր Ռոն Կարոլի (Ron Carroll) համատեղ տեսահոլովակը: Ստորեւ ներկայացնում ենք Կարինեի հետ հարցազրույցն ամբողջությամբ:
Կարինե՛, շնորհավորում եմ պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ: Քանի՞ երգ ես պատրաստվում ձայնագրել «One Entertainment»-ի հետ:
Շնորհակալ եմ, այս պայմնագիրն ինձ համար իսկապես շատ կարեւոր է: «One Entertainment»-ի հետ նախատեսում եմ 4 սինգլ իրականացնել: Այս ընկերությունը բավականին ճանաչված է, եւ ԱՄՆ-ում աշխատում է Atlantic Records»-ի հետ: Կնքված պայմանագիրը ներառում է ամբողջ աշխարհը, այսինքն՝ ինչ-որ տարածաշրջանով չցանկացա սահմանափակվել: Ես երեւի շատ մաքսիմալիստ ու ամբիցիոզ եմ, բայց ինձ համար այսպես է «կամ ամեն ինչ, կամ ոչինչ»: Մի քանի օրից պետք է արդեն մեկնեմ ԱՄՆ, որ նկարահանենք առաջին տեսահոլովակը: Ռոն Կարոլի հետ միասին երգելու ենք Love օr curse երգը:
Ժամանակը կբավարարի՞ արդյոք: Տեսահոլովակ նկարահանելուց հետո այն պատրաստելու համար կարծեմ բավականին ժամանակ է պահանջում:
Այո, շատ ժամանակ է պահանջվում: Բայց արդեն որոշված է, որ մարտի վերջին տեսահոլովակի նախնական տարբերակը պետք է լինի: Այնպես, որ պարտադիր պետք է հասցնենք:
Երգերը դո՞ւ ես գրում, թե կատարում ես այլ հեղինակների գործեր:
Ես ընդհանուր առմամբ 10 երգի հեղինակ եմ, այսինքն՝ բառերը ես եմ գրել, մեղեդին ընտրել եմ ինքս, բայց երաժշտության մշակումը կատարել եմ ներկայիս պրոդյուսեր Գի Վակուի (Guy Waku) հետ: Ի դեպ քանի առիթը կա, ցանկանում եմ ասել, որ շատ կցանկանայի դեռեւս աշխատել Գիի հետ: Այս 10 երգերից 4-ը «One Entertainment»-ի կարծիքով հիթեր կդառնան: Այդ պատճառով նրանք շտապեցին կնքել ինձ հետ պայմանագիր, քանի որ այլ առաջարկներ էլ էի ստանում:
Հիթ ասելով՝ նկատի ունես համաշխարհայի՞ն հիթ կդառնան:
(ծիծաղելով) Դե, ինչպես ասեմ, համաշխարհային հիթի կատարող դառնալը ցանկացած արտիստի երազանքն է, հատկապես երբ երգը ինքն է գրել: Իհարկե ես երազում եմ, որ իմ երգերը դառնան համաշխարհային հիթեր: Չեմ ուզում երգերս գովաբանել, կամ քննադատել, քանի որ դրանք ինձ համար սեփական երեխայիս նման են: Չի կարող պատահել չէ, որ ասենք մայրն իր զավակին մասին ասի, որ նա տգեղ է: Դրա համար չեմ, ուզում որեւէ գնահատական տալ, բայց պրոդյուսերներս հավատում են, որ ԱՄՆ-ում երգերս հաջողություն կունենան: Հետո հնարավոր է Եվրոպայում եւ Ասիայում էլ երկրպագուներ գտնվեն:
Իսկ CD-ում քանի՞ երգ կլինի, եւ քանի՞սն են քո հեղինակած երգերը լինելու:
CD-ում նվազագույնը 12 երգ պետք է լինի: Նախատեսում ենք, որ այն լույս կընծայվի մինչեւ ամառ: Գիտեմ, ժամանակն էլի չի բավականացնում, բայց ողջ ջանքերս կներդնեմ, որ հասնցնեմ: Ի վերջո սա մեծ հաջողություն է, իսկ հաջողությունը պահպանելու համար պետք է ջանք ու եռանդ չխնայես: Ճիշտ է Բելգիան եվրոպական երկիր է, բայց դե այստեղից էլ շատ դժվար է համաշխարհային պրոդյուսերական ընկերության հետ պայմանագիր կնքել: Ինձնից առաջ Ստրոմա-ն (Stromae) էր “Alors on danse” երգով, որ հիթ դարձավ:
Կարինե, իսկ Բելգիայում ինչպե՞ս են ընդունել օվկիանոսից այն կողմ գնալուդ լուրը: Կա՞ն ինչ-որ գործնական առաջարկներ:
Այո արդեն մի քանի հայտնի բրենդեր առաջարկել են, որ իրենց ընկերությունների դեմքը դառնամ գովազդներում: Առաջարկ եմ ստացել օրինակ՝ Patrizia Pepe-ից եւ էլի շատ հայտնի նորաձեւության ու հագուստի բրենդերից: Ինձ նույնիսկ եւ Բելգիայի քաղցրավենիքի եւ շոկոլադի ընկերությունից են առաջարկել, որ գովազդային դեմք դառնամ: Ասեմ, որ Բելգիայում շոկոլադը ազգային հարստություն է համարվում, եւ այս ընկերությունը ամենախոշորներից է Բելգիայում:
Կարինե, դու նաեւ նորաձեւության մեջ հայտնի մոդել ես, համատեղելո՞ւ ես արդյոք կարիերադ:
Այո, ես նորաձեւությունը շատ եմ սիրում: Դեռ փոքր հասակում, ամբողջ օրը սիրում էի զգեստներս փորձել: Երբ հարցնում էին ինչ ես անում, ասում էի հագուստիս գույներն եմ հարմարացնում, որ գեղեցիկ լինի: Կարծում եմ մոդելի կարիերաս որպես այդպիսին չեմ շարունակի, բայց ընկերության, հատկապես նորաձեւության բրենդի գովազդային դեմք լինելը այնքան էլ հեռու չէ մոդելի աշխատանքից:
Մոտ մեկուկես տարի առաջ, երբ հարցազրույց էի վերցնում քեզնից, նշեցիր, որ ցանկանում ես Բելգիայի եւ Եվրոպայի սահմաններից դուրս էլ ճանաչում գտնես: Որոշ չափով դու դա արել էս, իսկ ո՞րն է հաջորդ նպատակը:
Նախ պետք է ալբոմս ձայնագրեմ, իսկ դրանից հետո մտադիր եմ համերգներով հանդես գալ ողջ աշխարհում: Դե ասում եմ չէ, ես մաքսիմալիստ եմ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ»:




























