Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժխտել է այն մեղադրանքը, ըստ որի 2007 թվականին իր նախընտրական նախորդ քարոզարշավը ֆինանսավորել է Ջամահիրիայի տապալված եւ սպանված առաջնորդ Մուամար Քադաֆին:

«Եթե դա այդպես լիներ, ապա ստացվում է, որ ես անշնորհակալ եմ եղել», - ասել է Սարկոզին` նկատի ունենալով Լիբիայում ՆԱՏՕ-ի գործողությանը Ֆրանսիայի մասնակցությունը:

Լուրերն այն մասին, որ Սարկոզիի նախընտրական քարոզարշավը վճարվել էր լիբիական փողերով, նորից հայտնվել են մամուլում մարտի 12-ին` Mediapart-ի հրապարակումից հետո:  Գործակալությունը հրապարակել է մի փաստաթուղթ, որից հետեւում է, որ Սարկոզին 2005 եւ 2007 թվականներին այցելել է Լիբիա, որտեղ զենքի ենթադրյալ վաճառող Զիյադ Թաքիեդդինի միջնորդությամբ պայմանավորվել է Մուամար Քադաֆիի եւ նրա որդի Սեյֆ ալ Իսլամի հետ իր նախագահական քարոզարշավի համար գումար տրամադրելու մասին: Ըստ հրատարակության տվյալների` խոսքը գնում է 50 միլիոն եվրոյի մասին:

Առաջին անգամ Սարկոզիի ֆինանսավորման մասին տեղեկությունները դեռեւս 2011 թվականի մարտին բարձրաձայնել է Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը: Ջամահիրիայի առաջնորդի որդին պահանջել է ետ վերադարձնել Լիբիայի փողերը:

«Մենք ֆինանսավորել ենք նրա քարոզարշավը եւ ապացույցներ ունենք: Մենք պատրաստ ենք ներկայացնել բոլոր ապացույցները», - այն ժամանակ ասել էր Սեյֆ ալ Իսլամը: Հետագայում Ելիսեյան պալատը կտրականապես ժխտել է այդ պնդումները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: