Հունաստանի դատախազությունը մի խումբ չհաստատված անձանց մեղադրանք է ներկայացրել պետհեղաշրջման փորձի համար, որոնք իբր 2008 թվականին փորձել էին տապալել այն ժամանակվա վարչապետ Կոստաս Կարամանլիսին:
Ըստ դատախազության` դավադրությունը նյութվել է Կարամանլիսի` Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերությունների բարելավման ջանքերին խանգարելու համար: Ծրագրով նախատեսվել է վարչապետի տապալումը եւ նույնիսկ նրա սպանությունը:
Թե ով կարող էր կանգնած լինել այդ պետական հեղաշրջման թիկունքում, դեռեւս հաստատված չէ:
Մեղադրանքների համար հիմք են հանդիսացել հունական գաղտնի ծառայության եւ կառավարության նախկին ղեկավարի պահակազորի գործակալների ցուցմունքները, հայտնում է BFM.RU-ն` հղում անելով Reuters-ին: Հետաքննության վրա ազդել են նաեւ հունական լրատվամիջոցների հրապարակումները. լրագրային Epikaira ամսագիրը հրապարակել էր տվյալներ այն մասին, որ «Պիֆիա» կոդային անվանմամբ դավադրությունը կազմակերպված է եղել անհայտ պետության կողմից, որը ցանկացել է խանգարել Ռուսաստանի եւ Հունաստանի պայմանավորվածությանը «Հարավային հոսքի» առնչությամբ:
Կարամանլիսը, որը 2009 թվականի ընտրություններում պարտվել էր մի շարք ֆինանսական եւ քաղաքական սկանդալների պատճառով, բարելավել էր հարաբերությունները Մոսկվայի հետ եւ հաստատել ռուսական գազի` Արեւմտյան Եվրոպա մատակարարման համար գազատարի անցկացման նախագծերը:


























