«Երկիր» միությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիին՝ ներկայացնելով Ջավախքում տիրող իրավիճակն ու վրացական իշխանությունների հակահայ քաղաքականությունը:

«Վրաստանի հայ բնակչությունը, եւ հատկապես երկրի հարավ-արեւմտյան շրջաններում համախումբ բնակվող նրա հատվածը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, կրթա-մշակութային եւ կրոնական իրավունքների ոտնահարումից, այն իրավունքների, որոնք երաշխավորված են Վրաստանի կողմից ստանձնած ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային պարտավորություններով»,- նշել են նամակի հեղինակները՝ կետ առ կետ ներկայացնելով հայ բնակչության նկատմամբ իրացվող ապօրինությունները: Առանձնակի անդրադարձ է կատարվել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ ապօրինություններին եւ դատական վճռին. «…վրացական իշխանությունները, արհամարհելով միջազգային հանրության հանձնարարականները, ջավախահայության նկատմամբ շարունակում են խտրական քաղաքականություն իրականացնել»:

«Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա՝ մենք կոչ ենք անում Ձեզ՝ տվյալ խնդրում որդեգրել ավելի վճռական եւ գործուն դիրքորոշում՝ փորձելով „բացատրել“ վրացական իշխանություներին, որ իրենց երկրի հայ քաղաքացիների հետ ուժի, ոստիկանական հալածանքների եւ իրավազրկության դիրքերից խոսելը տանում է դեպի փակուղի, եւ միայն մարդու եւ ազգային փոքրամասնությունների հիմնարար իրավունքների ու ազատությունների իրական ճանաչման, պահպանման եւ իրականացման, ինչպես նաեւ ժողովրդավարական ընթացակարգերի գործնական ներդրման միջոցով է հնարավոր կայուն երաշխիքներ ստեղծել երկրի զարգացման համար»,- ամփոփել են նամակի հեղինակները: