Դերասան Ջորջ Քլունին, նրա հայրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի չորս անդամներ հայտնվել են մարտի 16-ին Սուդանի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվածների թվում: Ցույցը կազմակերպել էր «United to End Genocide» («միավորվել ենք, որ վերջ տանք ցեղասպանությանը») կազմակերպությունը`Ամերիկայի հայ դատի հանձնախմբի եւ այլոց հետ համագործակցությամբ:
Ինչպես հայտնում է «Ասբարեզը», քաղաքացիական անհնազանդության համար ձերբակալվել էին նաեւ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Մաքհովերնը, Ջեյմս Մորանը, Ջոն Օլվերը եւ Էլ Գրինը, ինչպես նաեւ «United to End Genocide»-ի նախագահ Թոմ Էնդրյուսը, Ջոն Փրենդերգասթը «Enough Project»-ից եւ Գունավոր բնակչության առաջընթացին նպաստող ազգային ասոցիացիայի (NAACP) նախագահ Բեն Ջելոսը: Ակցիային մասնակցել է նաեւ Մարթին Լյութեր Քինգ III-ը:
«Մեզ ուրախացրել է հասարակական լայն գիտակցությունը, որը ծագել է Ջորջ Քլունիից եւ այսօրվա բողոքի բոլոր մասնակիցներից, որով մենք հպարտ էինք աջակցել «United to End Genocide»-ին,– ասել է ANCA-ի նախագահ Քեյթ Նահապետյանը: – Որպես հայկական ծագմամբ ամերիկացիներ, որոնք շարունակում են վկայել այն սարսափելի ոճրագործության մասին, որը դեռեւս անպատիժ է մնում, խոսքը Ցեղասպանության եւ հայ ազգի արտաքսման մասին է, մենք ուրախ կլինենք օգնել այսօրվա էներգիան փոխակերպել ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների, որպեսզի դադարեցնենք սպանությունները, պատժենք մեղավորներին եւ հասնենք արդարության զոհերի նկատմամբ»:
Նահապետյանը գլխավորում էր ամերիկահայերի խումբը, որոնք միացել էին բողոքի ավելի քան 100 ակտիվիստներին` սուդանյան կառավարության կողմից դեպի Նուբյան լեռներ եւ Երկնագույն Նեղոսի տարածաշրջան ուղարկվելիք հումանիտար օգնության շարունակվող շրջափակման դեմ, որտեղ կես միլիոն բնակիչներ գտնվում են սովամահության եզրին:
ANCA -ն «Jewish World Watch»-ի, «Amnesty International»-ի, «NAACP»-ի, «STAND»-ի եւ բազմաթիվ այլ ազգային կազմակերպությունների հետ բողոքի ակցիայի հովանավորներից մեկն էր:




























