Թուրքիայի Հաթայ նահանգում իրենց Կուրբան բայրամի հանգիստն են անցկացրել Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդրըմը եւ արդարադատության նախարար Սադուլահ Էրգինը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նախարարները այցելել են այդ հատվածում գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վագըֆլըն, եւ հանդիպել են տեղի հայկական համայնքի հոգեւոր հովվի հետ։
Թուրք նախարարները հանդիպել են Վագըֆլըի հայ համայնքի հոգեոր հովիվ Ջեմ Չափարի եւ գյուղապետ Պերճ Քարթունի հետ։ Հեռահաղորդակցության նախարար Բինալի Յլդրըմը նշել է, որ այդ տարածքներում իրենց շատ լավ են դիմավորել։ «Հաթայը (Կիլիկիա) քաղաքակրթությունների օրրանն է։ Այստեղ հայը, ալեւին, սուննին միասին են ապրում։ Սա Թուրքիայի հայելին է։ Ես շատ զարմացա՝ զբոսնելով այս շրջանի պատմամշակույթային վայրերով»,-նշել է թուրք նախարարը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քլըչը, փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը, արդարադատության նախարար Սեդուլլահ Էրգինը եւ այլ պաշտոնյաներ, Կուրբան բայրամի շրջանակներում նույնպես ժամանել էին Թուրքիայի Հաթայ նահանգ (Կիլիկիա): Թուրքական Urkiyegazete կայքէջի փոխանցմամբ` բարձրաստիճան թուրք պաշտոնյաները ժամանել են այդ նահանգում գտնվող՝ Թուրքիայի միակ հայկական Վագըֆլը գյուղը: Որտեղ այցելել են տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաեւ զրուցել հայկական Վագըֆլըի գյուղապետի հետ։




























