Այսօր ՀՅԴ-ի կոչով հայ-թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերը հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես, արձանագրվում է, որ այսուհետեւ «հակազգային և հակապետական» այս փաստաթղթերի վերջնական վավերացման կանխումը ՍԴ-ի եւ ԱԺ-ի իրավասությունների մեջ է, որ այս արձանագրությունների միջոցով Թուրքիան հասել է իր երկու նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ամրագրմանը: Այն է՝ ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելուն և այս կապակցությամբ միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտմանը, ինչպես նաև առկա հայ-թուրքական ապօրինի սահմանի օրինականացմանը: Միաժամանակ Թուրքիան, հետևողականորեն չհրաժարվելով իր հաջորդ նախապայմանից, օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը և, օգտագործելով այս երկու գործընթացների միաժամանակյա ակտիվացումն ու դրանց շուտափույթ հանգուցալուծման հարցում միջազգային կառույցների և մյուս երկրների շահագրգռությունը, ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ:
Այնուհետեւ հայտարարության հեղինակները նշում են, թե քանի որ «արձանագրությունները հակասում են Հայաստանի Անկախության Հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին ու խախտվել են ՀՀ Սահմանդրության 83.5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պայմանները», ՍԴ-ն պարտավոր է այս արձանագրություններով ՀՀ կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչի ՀՀ Սահմանադրությանը հակասող: Իսկ ՀՀ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները ԱԺ ուղարկելու դեպքում՝ խորհրդարանը այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք:
«Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը՝ միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին և մեր հետագա գործողություններին»,- ասված է հայտարարության մեջ:




























