ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ստիպված է եղել ուղղել Թուլուզի ողբերգության մասին իր խոսքերը, որոնք հարուցել էին Իսրայելի զայրութը: Բանն այն է, որ Էշթոնը Ֆրանսիայում հրեական քոլեջի վրա հարձակման վերաբերյալ իր մեկնաբանություններում այդ ողբերգությունը կապել է Իսրայելի գործողությունների արդյունքում Պաղեստինի խաղաղ բնակիչների մահվան հետ:
ԵՄ-ը հրապարակել է ուղղված ճառի տարբերակը, որում հիշատակվում է ինչպես Գազայի իրադրությունը, այնպես էլ իսրայելական Սդերոթ քաղաքը, որը պաղեստինյան գրոհայինների կողմից ենթարկվել էր հրթիռային հարձակման:
«...Երբ մենք տեսնում ենք այն, ինչ կատարվում է Գազայում եւ Սդերոթում, աշխարհի տարբեր մասերում, մենք հիշում ենք երիտասարդներին եւ երեխաներին, որոնք զրկվում են իրենց կյանքից », - ասվում է Էշթոնի ճառի նոր տարբերակում: Մարտի 19-ի Էշթոնի ճառում Սդերոթը բացակայում էր, նշում է AFP-ն:
Ըստ իսրայելական իշխանությունների` Էշթոնն իր մեկնաբանություններում նկատի է ունեցել Գազայի հատվածում պաղեստիցիների, այդ թվում երեխաների մահը` Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ բախումների ընթացքում:
Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավար Էլիյահ Իշայը Քեթրին Էշթոնի հրաժարականի կոչ է արել: Իսրայելի արտգործնախարար Ավիգոր Լիբերմանն իր հերթին հայտարարել է, որ նա պետք է հրաժարվի իր խոսքերից:




























