Հայկական կողմը սովոր է Թուրքիայի առաջին դեմքերի շուրթերից հնչող հայտարարություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ հայկական կողմը Ադրբեջանին չի վերադարձրել տարածքները:

Նրա խոսքով, պետք չէ լուրջ վերաբերվել նման հայտարարություններին, քանի դեռ «Հայաստանի հետ ուղիղ բանակցություններում թուրքական կողմը չի հայտարարել այդ պայմանների մասին»: «Եթե ուղիղ բանակցություններում Անկարան հայտարարի, որ Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, այն ժամանակ երկար մտածել պետք չէ: Հայաստանի պատասխանը կարճ է լինելու: Հայաստանը դւրս կգա Թուրքիայի հետ բանակցային գործընթացից»,- ընդգծել է նա:

Ինչպես հաղորդել է NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Աթենքում իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներն ազատելուց հետո»: