«ԼՂ բանակցություններում լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, թե շատ տրամաբանական է, որ Ադրբեջանը ռազմաշունչ հայտարարություններ է անում: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը օգտակար է ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի, այլեւ Ադրբեջանի համար, քանի որ դա հնարավորություն է տալիս ադրբեջանցիներին՝ ձերբազատվել այն պատրանքներից, թե ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես իրենք են ցանկանում: «Դրա համար էլ իրենց պատեպատ են տալիս:
Մեկ հայտարարում են թե պատերազմ կսկսեն, մեկ էլ խոսում են ՀԱՊԿ անդամ դառնալու հավանականության մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ներկայումս գործընթացն ընթանում հայկական կողմի կանխատեսած սցենարով, երբ Աթենքում կողմերը եւ միջնորդները հայտարարեցին, թե խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում: «Սրանք այն սկզբունքներն են, որոնք հայկական կողմը շատ է հայտարարել իր քարոզչական պայքարում»,- հավելեց Գ. Մինասյանը:
Ի դեպ, նա հատկանշական համարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե Կովկասյան բոլոր հակամարտությունների համար պետք է կիրառվի նույն սկզբունքը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում կողմնակից է ինքնորոշման սկզբունքի կիրառմանը, Մինասյանն ասաց, «Պետք է հետեւել , թե որքանով Ռուսաստանը հետեւողական կլինի իր դիրքորոշումներում»:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե այդ ինչ առաջընթաց է գրանցվել ԼՂ բանակցային գործընթացում, որի մասին նշված է 5 ԱԳ նախարարների հայտարարության մեջ, նա նշեց, որ այն, որ կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները, արդեն իսկ առաջընթաց է: Իսկ այլ առաջընթաց եղե՞լ է, հարցին էլ արձագանքեց. «Բա դա քի՞չ է»:




























