Դեկտեմբերի 2-ին Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլանդի հետ:
Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց Թյորնբյոր Յագլանդի ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլանդը հանգամանալից զրույց ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունեց կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը:
Նախարար Նալբանդյանը ԵԽ գլխավոր քարտուղարին հրավիրեց այցելել Երեւան:




























