Աթենքում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին:

Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել կազմակերպության բարեփոխումների շուրջ:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը: