Հունիսի 22-ի երեկոյան Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքում հավաքված Հայ ազգային կոնգրեսի հարյուրավոր ակտիվիստներ տոնում էին իրենց կողմնակիցների ազատ արձակումը։

Նրանք հավաքվել էին նույն օրը առավոտյան ազատ արձակված կողմնակիցների հետ հանդիպման համար։ Հավաքվածներին մի պահ միացել է ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինիս ընդունել են «Լևոն, նախագահ» բացականչություններով ու երկարատև ծափահարություններով։ ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության նախկին ղեկավար Հովհանես Իգիթյանը ասել է, որ մարդիկ մեկուկես տարի պայքարել են իրենց համակիրների ազատության համար և այս հաղթանակը տոնելու իրավունք ունեն։ Սկզբում հանդիպման վայր են եկել «յոթի գործով» անցնող ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Հակոբ Հակոբյանը և Մյասնիկ Մալխասյանը։ Նախկին կալանավորները հասցրել էին իրենց կարգի բերել և երջանիկ էին երևում, սակայն հոգնածությունը նկատվում էր։ Այնուհետև նրանց միացել են Սուրեն Սիրունյանը, Ալեքսանդր Արզումանյանն ու Սմբատ Այվազյանը։ Բոլորին դիմավորել են հիացմունքի բացականչություններով։ Մարդիկ շնորհավորում էին ազատ արձակվածներին ու միմիանց, հյուրասիրում շոկոլադով և երգում հայրենասիրական երգեր։ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի խոսքերով, մարտիմեկյան իրադարձություններին առնչվող ընդամենը 16 դատապարտյալ է ազատվել ։ Նա նշել է, որ հաջորդող օրերին ազատ կարձակվեն մյուսները, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։

Առավոտյան ժամը 10-ի կողմերըԿենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի և ներքին գործերի նախկին նախարարի պահպանության նախկին պետ Սուրեն Սիրունյանի գործի առնչությամբ վճիռ է կայացրել, ըստ որի Արզումանյանն ու Սիրունյանը դատապարտվել են 4-ից 5 տարվա ազատազրկման։ Դատարանը նրանց մեղավոր է համարել քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջի կետի համաձայն, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Սակայն, համաներման որոշման համաձայն, որն ընդունվել է խորհրդարանում՝ հունիսի 19-ին, նրանք ազատ են արձակվել հենց դատարանի դահլիճից։ Ազատ արձակվելուն պես Արզումանյանն ու Սիրունյանը հայտնել են դատավճիռը բողոքարկելու իրենց մտադրության մասին։ Նրանց խոսքերով, համաներումով ազատ արձակվելն իրենց չի գոհացնում, քանի որ իրենք որևէ հանցանք չեն կատարել։

Ազատ արձակված պատգամավորները խորհրդարան վերադառնալու իրավունք ունեն։ Հակոբ Հակոբյանը մտադիր է օգտվել այս իրավունքից և շարունակել իր պայքարը Ազգային ժողովում։ Այն հարցին, թե հրաժարվելու՞ են արդյոք պատգամավորական մանդատից, Մալխասյանը պատասխանել է, թե դեռ չի մտածել այս հարցի շուրջ։ «Կալանավորների հետ շփվելուց ես ինձ ավելի լավ եմ զգացել, քան պատգամավորների հետ, որոնք քվեարկել են երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու օգտին և դրանով իսկ դարձել են սպանությունների մեղսակից»,- ասել է պատգամավորը։ ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանն ի պատասխան, Մալխասյանը նշել է. «Մեզ պետք էր ոչ թե ներողամտություն, այլ արդար դատ»։

Նույն օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պատգամավոր Սասուն Միքայելյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ կետի համաձայն, այն է՝ անօրինական զենք կրելու և գաղտնի դավադրություն կազմակերպելու համար, որի վրա համաներումը չի տարածվում ։ Դատարանը Միքայելյանին դատապարտել է 8 տարով ազատազրկման։

Այն ժամանակ, երբ ՀԱԿ-ի համակիրները տոնում էին իրենց կողմնակիցների ազատ արձակումը, Ստրասբուրգում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նստաշրջանում քննարկվում էր Հայաստանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումներին առնչվող բանաձեւերի կատարման ընթացքը։ Այդ հարցի քննարկումը նախատեսվում է լիագումար նիստի ժամանակ, որը կկայանա հունիսի 24-ին։ Շատերի կարծիքով համաներման հայտարարումը կապված է հենց ԵԽԽՎ ամառային նստաշրջանի հետ, քանի որ մինչ օրս ուշադրության կենտրոնում է Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։