«Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա հայ-թուրքական արձանագրություններին, սակայն արձանագրությունների վավերացումը կձգվի մինչեւ փետրվար-մարտ, որպեսզի դա կապվի ապրիլի 24-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետով հանդես եկավ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: «Մեզանից ոչ ոք չգիտի, թե երբ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, բայց եթե դա տեղի ունենա փետրվար-մարտին, ապա չեմ կարծում, որ ապրիլի 24-ին ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը։ Նրանք կասեն, որ շատ նուրբ ժամանակ է այդ խնդիրը քննարկելու համար»:
Այնուհետեւ անդրադառնալով դեկտեմբերի 7-ին Էրդողան-Օբամա հանդիպմանը՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը փորձելու է ճնշել Թուրքիային ոչ միայն արձանագրությունները վավերացնելու առումով, այլ նաեւ սահմանը բացելուց հետո, այն բաց պահելու առումով: Նա նկատեց, որ շատ վտանգավոր է, որ արձանագրություններում պատիժ նախատեսված չէ փաստաթղթի դրույթները չկատարելու համար, այսինքն Թուրքիան կարող է բացել սահմանը, հետո նորից փակել ու դրա համար նրան ոչ ոք չի կարող պատժել: Թեեւ, ըստ Կիրակոսյանի, այդ դեպքում Թուրքիային սպառնում է անվստահելի երկրի իմիջ ունենալու վտանգը: «Սա թեսթ է Թուրքիայի համար, եւ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիան կատարի իր պարտավորությունները»,- ասաց նա՝ հավելելով, թե մյուս վտանգն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների ապագան կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից, որի վրա արտաքին ազդեցությունը շատ փոքր է:




























